Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ազատագրական շարժման ռահվիրան

Ազատագրական  շարժման ռահվիրան
28.09.2012 | 12:23

Ես բանաստեղծ չեմ և ցանկության դեպքում էլ չեմ կարող իրականությունից կտրված գեղարվեստական երանգներ հաղորդել իմ խոսքին, այն, ինչ պետք է ասեմ, մի պայծառ երիտասարդի մասին. դա իրական փաստերի, իմ անմիջական տպավորության ու խորհրդածությունների արդյունք է։

Էդիկի հետ ծանոթացել ենք հանգամանքների զուգադիպությամբ. ըստ որում, միանգամայն «անհավասար» պայմաններում. դա 1988 թվականն էր` արցախյան շարժման ամենասկզբնական շրջանը. ես Նաիրիի շրջանի դատախազն էի (դատախազի պաշտոնակատարը). ԼՂԻՄ-ը որոշում էր ընդունել դուրս գալու Ադրբեջանի կազմից. խանդավառությունը մեծ էր, այն աստիճանի, որ պետական պատասխանատու պաշտոնատար անձ լինելով հանդերձ, նույնիսկ հեռագիր ուղարկեցի ԼՂՀ մարզային խորհուրդ, որ հետ չկանգնեն իրենց որոշումից` ինչ էլ լինի... Դա «շարժման» մաքուր ու անբիծ շրջանն էր... Այդ անաղարտությունն ամրապնդվում էր Էդիկի պես ռահվիրաների առկայությամբ։ Նա մի պայծառ երիտասարդ էր, համեստ, ներքին ուժեղ կամքի տեր մարդ. և, իրոք, բոցաշունչ հայրենասեր։ Միանգամայն անհավասար պայմաններում (ես` խորհրդային օրենքներով մեծ իրավունքներով օժտված դատախազ, նա` մի հասարակ քաղաքացի...) ես կատարում էի իմ պարտականությունները, նա` իր. ես խստորեն «նախազգուշացնում էի» (Դատախազության մասին ԽՍՀՄ օրենքին համապատասխան) նրան` «դադարեցնել» ակտիվ գործունեությունը, զանգվածային շարժումը Նոր Հաճնում, որտեղ Էդիկն էր բնակվում իր ոչ պակաս հեղափոխական հայրիկի` Վարդանի, ու մեր (ոչ միայն Էդիկի), մեր ազգի, ժողովրդի մայրիկի` Փառանձեմի հետ, իսկ նա էլ «խոնարհաբար» ընդունում էր իմ դատախազական նախազգուշացումները և շարունակում իր ավելի ու ավելի ակտիվ գործունեությունը` դրան աշխարհագրական և որակական նոր ծավալներ ու որակներ հաղորդելով, ընդգրկելով արդեն ոչ միայն ամբողջ Նաիրիի շրջանի ու ներկայիս Կոտայքի մարզի տարածքը, այլև դրանից դուրս... Երբեմն նույնիսկ իր համեստ կեցվածքով, խորախորհուրդ հայացքով «ներկայանում» էր դատախազություն ու համեստորեն հրավիրում իր կազմակերպած հերթական զանգվածային միջոցառումներին` հավաքներին։ Իսկ ես, որպես կանոն, չէի մերժում։
Էդիկը արցախյան շարժումը սկզբնավորող և առաջ մղող կախարդող ուժն էր մարմնավորում` իր ամբողջ կեցվածքով, վարքագծով։
Եթե այդ պայծառ երիտասարդն այսօր ողջ լիներ, ապա շատերի նման ես էլ նրան կհարցնեի. «Էդիկ ջան, ախր ես քեզ հավատացի իմ դատախազ հալով, ինչո՞ւ այսպես եղավ»։ Թեպետ համոզված եմ, որ Էդիկը չէր խաբում (ընդհանրապես նա անխարդախ ու ազնիվ մարդ էր). նա էլ, ինչպես և մեզնից շատերը, թերևս մեր ամբողջ ժողովուրդը, չէր էլ մտածում, թե վերջն այսպես կլիներ` արցախյան սրբազան շարժման օգտագործմամբ` սքողմամբ, մի քանի բախտախնդիրներ կսեփականաշնորհեն այս փոքրիկ երկիրն ու ժողովրդին կհասցնեն այս վիճակին։
Երբ անկախ Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացնող, այսօր նախկին, արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին հացադուլ էր հայտարարել Ազատության հրապարակում, խղճահարության որոշ զգացումի հետ մեկտեղ ես տարակուսանքների մեջ էի ընկել` ինչի՞ համար, ո՞րն է նման պասիվ պայքարի իմաստը. մի՞թե այդ փորձառու մարդը` իրավաբանը, պատմաբանը չի հասկանում, որ այսօր մեր ժողովրդին ազատագրական պայքար է հարկադրվել և ոչ թե սովատանջության (առանց այդ էլ ժողովրդի մեծ մասը կա՛մ սոված է, կա՛մ կիսաքաղց) կամ Նարեկացու ներկայացրած պասիվ ճգնավորական պայքար։ Իսկ այդ ազատագրական պայքարը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Արցախ-ղարաբաղյան շարժման սկզբում էր` շարժում, որպիսին մարմնավորում էին Էդիկն ու մյուսները։
Անառարկելի է, որ Էդիկն իրեն, իր կյանքը գիտակցաբար է նվիրաբերել Արցախյան գոյամարտին, ազատության համար պայքարին, իսկ ինչպես Եղիշեն էր ասում. «...Մահ ոչ իմացեալ` մահ է, մահ իմացեալ` անմահութիւն»։ Էդիկն անմահություն էր խորհրդանշում` ինչպես մեր ամբողջ ժողովուրդը։ Անշուշտ, փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր հայրենի հողի ու իրենց սրտի` ներքին ձայնի կանչով, զենքը ձեռքներին կռվել, զոհվել կամ վիրավորվել են հայրենի տարածքների` հայոց ազգային-պատմական հողերի պաշտպանության և ազատագրման համար։ Բայց հայրենիքի պաշտպանության, վաղնջական հայոց հողերի ազատագրման, ազատության համար պայքարի գործում անհամեմատ մեծ է ամբողջ ժողովրդի ավանդը. ժողովուրդ, որը ոչ միայն անմիջական պայքարի` պատերազմի տարիներին, այլև այսօր, շարունակում է կրել չարչարանքներ, տառապանքներ, իրեն քրքրելով, տանելով նաև դառնություններն այսօրվա անարդար սոցիալական իրականության` հանուն այն լույսի, կրակի, որ առկայծեց անցյալ դարի 80-ականների վերջերին... Այդ առկայծող լույսը, կրակը կրող ռահվիրաներից էր և Էդիկը. մեծ հոգու, մեծ սրտի տեր այդ բոցաշունչ երիտասարդը. հավերժ փառք, պատիվ ու հիշատակ նրան ու նրա նման բոլոր հերոսներին։


Մալիկ ԹԵԼՈՒՆՑ
Իրավագետ,
պատմական գիտությունների թեկնածու, արդարադատության
առաջին դասի խորհրդական

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ